Նոյեմբերի 25-ին Day.Az-ին հարցազրույց է տվել Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն և հայրենակիցներին բացատրել է, որ Արևելյան գործընկերության «Վեհաժողովն ուղղված է քաղաքական գործակցության բարելավմանը, Արևելյան գործընկերության երկրների արդյունավետ ինտեգրմանը ԵՄ տնտեսության մեջ և ԵՄ-ի տրամադրած ֆինանսական աջակցության ծավալների մեծացմանը»: ԵՄ-ին փողի տոպրակ ընկալող պատգամավորն այնուհետև անցել է Ադրբեջանի փառաբանմանը. «Տեղին է նշել նշանակալից դերը, որ ԵՄ-ն տալիս է Ադրբեջանի հետ մերձեցմանը, քանի որ հենց Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկում գտնվող մեր երկիրն է դիտարկվում կապող օղակ երկու կարևոր մայր ցամաքների միջև: Որ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ, բազմիցս հայտարարել են Եվրոպայի պաշտոնական ներկայացուցիչները, առաջատար միջազգային կառույցները: ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ջանքերը տնտեսության դիվերսիֆիկացման, կրթության ոլորտում բարեփոխումների, շրջանների զարգացման ուղղությամբ»: Եվ միայն դրանից հետո Միրզազադեն ասում է, որ «ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում էական գործոն են նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունները, որը կփոխարինի Գործընկերության ու համագործակցության 1996-ի համաձայնագրին»:
Նոյեմբերի 24-ին Day.Az-ը հաղորդել է, որ ԵՄ-ն վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը: Արևելյան գործընկերության Բրյուսելի վեհաժողովում ընդունվել է համատեղ հռչակագիր:
Day.Az-ը գրում է. «Չնայած հայկական պատվիրակության բազմաթիվ փորձերին` Համատեղ հռչակագրում նորից միանշանակ աջակցություն հայտնվեց Արևելյան գործընկերության բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Պետք է հատուկ ընդգծել, որ Համատեղ հռչակագրում հղում է արվում ԵՄ գլոբալ մարտավարությանը արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության մեջ: Այդ գլոբալ մարտավարության մեջ ԵՄ պետությունների և ԵՄ հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը նշված է միջազգային մակարդակում ճանաչված սահմանների շրջանակում:
Համատեղ հռչակագրի մեկ այլ կետում ընդգծված է Արևելյան գործընկերության բոլոր երկրների տարածքներում կոնֆլիկտների կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Հայկական կողմի փորձերը` այդ կետում ավելացնել իր օկուպացիոն շահերին համապատասխանող դրույթներ, ձախողվեցին: Համատեղ հռչակագրում հատուկ աջակցություն է հայտնվում տրանսպորտային ու էներգետիկ նախագծերին, որ իրականացվում են Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ, ընդգծված է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որի նախաձեռնողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի համար: Փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացված երկկողմ ու բազմակողմ նախագծերին, որ Արևելյան գործընկերության երկրներն իրականացնում են Ադրբեջանի մասնակցությամբ: Համատեղ համագործակցության ուղղություններից, որ առաջիկա տարիներին իրականացվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ, հատուկ տեղ ունի Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև առանց վիզային ռեժիմի մուտքն ու ելքը: Փաստաթղթում նշված են նաև Ադրբեջանի մասնակցությամբ միջազգային համագործակցության այլ ոլորտներ: Մասնագետների կարծիքով` Բրյուսելի վեհաժողովում ընդունված համատեղ հռչակագիրը պետք է գնահատվի իբրև փաստաթուղթ` հիմնված միջազգային իրավունքի վրա և ռազմավարական նշանակություն ունեցող»:
Trend-ը փոխանցում է Իլհամ Ալիևի հայտարարությունը վեհաժողովում ունեցած ելույթից. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավասար արժեք ունի, ինչպես ցանկացած այլ պետության տարածքային ամբողջականությունը, և պետք է վերականգնվի»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսպես է Ադրբեջանն ընկալել Բրյուսելում ընդունված հռչակագիրը: Գագաթնաժողովում իր ելույթում ՀՀ նախագահը պատասխանել էր Իլհամ Ալիևին. «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, և այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը: Մեկ նկատառում ևս. ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993-ին ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ: Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումը թույլ կտա ունենալ ավելի խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա: Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման իր տեսլականին»:
Փաստացի` Հայաստանը քայլ առաջ անցավ Ադրբեջանից` ստորագրելով համագործակցության համաձայնագիր, իսկ նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունները դեռ ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում «էական գործոն են», բայց Բաքուն այդ «էական գործոնը» ներկայացնում է իբրև ԵՄ կախվածություն Ադրբեջանից ու անձամբ Իլհամ Ալիևի նախաձեռնություններից:
Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների համապատկերում հավատարմությունը «մեծ եղբորը» ենթադրում էր, որ Իլհամ Ալիևը պետք է պաշտպանի Թուրքիայի շահերը, բայց ակնհայտորեն նա դժգոհ է Էրդողանից և Բրյուսելում նետվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի գիրկը` նրանից ստանալու պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի ու դատապարտում Հայաստանի` դրանք անտեսելու համար: Ենս Ստոլտենբերգը նրան «չհասկացավ» և ասաց, որ Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում ու պետք է ձեռնպահ մնալ սրումից: